38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Իշխանություններն այսօր ժողովրդին ասելու շատ բան ունեն»

«Իշխանություններն այսօր ժողովրդին ասելու շատ բան ունեն»
12.12.2008 | 00:00

«ԶԼՄ-ՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՍԵՎԵՌԵԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎՐԱ»
Վերջերս ՀՀ նախագահի հրամանագրով երեք դատապարտյալների ներում շնորհելու հանգամանքը հասարակական-քաղաքական լայն արձագանք ունեցավ` տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալով։ «Սերժ Սարգսյանը երեք դատապարտյալների ներում շնորհեց, իսկ մյուսները նույն վերաբերմունքին չե՞ն արժանանա», հարցով էլ սկսեցինք զրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ։
-Խնդրագրով դիմելը եղել է դատապարտյալների իրավունքը, և ցանկացած դատապարտյալ կարող է հիմնավոր կերպով այն ներկայացնել ու ներում խնդրել նախագահից։ Պարտադիր չէ, որևէ մեկը ներում խնդրի, որովհետև դա ընդամենը դատապարտյալի իրավունքն է։ Երբ խնդրագիր է լինում, այն քննարկում են մասնագետները, և եթե հնարավոր պայմաններ կան, ներում է շնորհվում։
-Ասել է` նախագահը սպասում է մյուս քաղբանտարկյալների խնդրագրերի՞ն։
-Նախագահը որևէ մեկի խնդրագրին չի սպասում։ Պարզապես դատապարտյալն իր մեղքն ընդունում է ու ներում խնդրում։
-ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանից առաջ արված այդ քայլն արդյո՞ք երկրում որոշակի լարվածության թուլացման և Հայաստանի հանդեպ եվրակառույցների մեղմ վերաբերմունքը «կորզելու» նպատակ չէր հետապնդում։
-Նման պարագայում ստացվում է, որ դատապարտյալներն են այդպես մտածել ու դիմել նախագահին, այսինքն` ոչ թե ինչ-որ օղակ շահագրգռված է որոշակի քայլեր անելու, այլ դատապարտյալի իրավունքից են փորձում օգտվել։ Իսկ ընդհանրապես կարելի է նկատել, որ արված քայլը կարող է որոշակիորեն լարվածության թուլացման գործոն լինել։
-Ինչպե՞ս եք գնահատում 1609 և 1620 բանաձևերի պահանջների կատարման ընթացքը։
-Հասարակությանը դրանք շատ սխալ են ներկայացվում։ Հիշյալ բանաձևերը դամոկլյան սուր չեն, որ ինչ-որ ժամանակ պիտի կախվեն ժողովրդի գլխին։ Դրանք առաջարկություններ են։ Եթե դիտարկենք մեր նախընտրական ծրագրերը, ապա այդ բոլորը բխում են մեր ծրագրային դրույթներից։ Մեզ համար շատ կարևոր է նաև, որ միջազգային հանրության ցանկացած օղակ դրական արտահայտվի մեր պետության մասին։ Մեր արածը ոչ թե որոշակի դրդապատճառների, այլ ծրագրային գործողությունների հետևանք է։
-Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ հունվարյան նստաշրջանից։
-Ակնկալիքն այն է, որ ԵԽԽՎ-ն դրական մոտեցում ցուցաբերի մեր պետության հանդեպ։
-Հայաստանը որոշակի քայլեր կատարե՞լ է այդ «դրական մոտեցմանն» արժանանալու համար։
-Բազմաթիվ քայլեր է արել։ Նախ` ստեղծվեց այնպիսի դաշտ, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի միջոցով, հասարակությունը պարբերաբար կարողանա տեղյակ լինել գործընթացներին։ Իսկ մնացածը պետք է դիտարկել իրավական հարթության մեջ։
-Անդրադառնանք ԱԺ-ի աշխատանքներին։ Ավարտվեց աշնանային նստաշրջանը։ Օրենսդիր մարմնի իրականացրած աշխատանքներն ինչպե՞ս կգնահատեք։
-Կարծում եմ` վերջին տարիների օրենսդրական աշխատանքներում ԱԺ-ն լուրջ ձեռքբերումներ ունի։ Ժամանակները փոխվում են, տրամաբանությունն այլ բան է ենթադրում, իսկ հասարակությունն էլ այլ գործիքներ է պահանջում։ Այս պահին ԱԺ-ն ծրագրում է իր առաջիկա անելիքները։ Կան որոշակի սկզբունքներ, որոնցից ամենակարևորը, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է ներկայացրել, օրենսդիր մարմնի կապն է ժողովրդի հետ։ Պատգամավորները, հատկապես մեծամասնական ընտրակարգով ընտրվածները, այս կամ այն կերպ ժողովրդի հետ կապված են, բայց ԱԺ-ն, որպես օրենսդիր մարմին ու իշխանության մաս, դեռևս մեծ անելիքներ ունի։ Խնդիրն այն է, որ խորհրդարանն իր ղեկավարությամբ պետք է ժողովրդական զանգվածների հետ հանդիպումները բազմապատկի, փորձի լսել ժողովրդի ասածները, որպեսզի օրենսդրությունն առավել իրագործելի դարձնի։
-ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնն արդեն որերորդ անգամ Դուք եք ստանձնում։ Հովիկ Աբրահամյանի հետ, որպես ԱԺ նախագահի, առաջին անգամ եք աշխատում։ Ի՞նչ տարբերություն եք տեսնում նրա և նախորդ նախագահների միջև։
-Նախ` քաղաքական բանաձևերում չկա քաղաքական գործիչներին համեմատելու որևէ հայեցակարգ։ Աշխատել եմ շատ նախագահների հետ, և, կարծում եմ, յուրաքանչյուրը յուրովի ձեռքբերումներ ունի ԱԺ-ի ընդհանուր գործընթացներն ավելի արդյունավետ դարձնելու գործում։
-Անձամբ Ձեր աշխատանքում ոչ մի տարբերություն չկա՞։
-Քաղաքական գործընթացներն են ենթադրում աշխատանքների որոշակի տարբերություն։ Սա գործադիր կամ հիմնարկի աշխատանք չէ, որ մեկը լավ աշխատի, մյուսը` վատ։ Աշխատանքների բնույթը պայմանավորված է հենց քաղաքական պայմանների տրամաբանությամբ։ Սա է պատճառը, որ քաղաքական գործիչների, առավել ևս ԱԺ նախագահների միջև համեմատություններ անցկացնելը ճիշտ չէ։ Յուրաքանչյուրը յուրովի խնդիրներ է դնում` քաղաքական պայմաններից ելնելով։ Այս պահի հրամայականն է հասարակության հետ ԱԺ-ի սերտ շփումը, բայց ոչ թե անհատ, այլ որպես օրենսդիր մարմին։ Ահա այս սկզբունքով ենք առաջ գնում։
-Նախորդ նախագահների ժամանակ այդ սկզբունքը չէ՞ր գործում։
-Նախորդների ժամանակ խնդիրները մի քիչ այլ էին, քանի որ ԱԺ-ն իր պարտավորությունների շրջանակում օրենսդրական լուրջ պարտավորություններ ուներ միջազգային հանրության առջև։ Բացի այդ, քաղաքական հեռանկարների ճանապարհ պետք է անցնեինք։ Պատգամավորները և ընդհանրապես իշխանություններն այսօր ժողովրդին ասելու շատ բան ունեն։ Սա բխում է նրանից, որ հենց տեղերում բազմաթիվ վերքեր հնարավոր է ամոքել։ Առաջ, երբ գնում էինք ժողովրդի հետ խմբային հանդիպումների, ասելիքի պակաս կար, իսկ վերքերն ամոքելու համար համապատասխան գործիքներ չկային։ Այսօր դրանք կան, մնում է հասցնել ժողովրդին, ինչն ավելի արդյունավետ կդարձնի օրենսդրի աշխատանքը։ Ներկայումս լրատվական դաշտն ու քաղաքական այլ թիմի ներկայացուցիչներ փորձում են խորհրդարանի աշխատանքները բնութագրել նիստերի դահլիճում պատգամավորների քանակով, որն աբսուրդ է։ Ազգային ժողովի աշխատանքները նախ և առաջ հանձնաժողովային աշխատանքներ են։ Դա այն քուրան է, որտեղ վիճաբանում, օրենքներ են շտկում, իսկ նիստը պարզապես արձանագրում է կատարված աշխատանքները։
-Կարևոր չէ՞, որ օրենքների քննարկումներն անցնում են կիսադատարկ դահլիճում։
-Իհարկե, պարտադիր չէ, որ Դուք, լինելով պատգամավոր, գաք ինձ լսեք։ Դա Ձեր կամքն է, իրավունքը։ Դրա համար էլ կանոնակարգով նաև սահմանված են պատգամավորի այդ իրավունքները։ Ամենևին էլ պարտադիր չէ նաև հաճախ ցուցադրական ելույթներ ունենալը։ Մենք հանձնաժողովների աշխատանքներն ակտիվացնելու խնդիր ունենք։ Հանձնաժողովային քննարկումների ժամանակ բոլոր անդամները շատ քիչ են խոսում, որովհետև եթերում չեն տեսնելու իրենց դեմքերը, թերթերում չեն գրվելու իրենց անունները։ ԶԼՄ-ների ուշադրությունը պետք է սևեռել հանձնաժողովների աշխատանքների վրա, որպեսզի հանրությունը տեղյակ լինի, թե ինչպես են օրենքները ծնվում, ընդունվում, վերլուծվում և այլն։ Սա է օրենսդրի հիմնական, աշխատանքը։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3321

Մեկնաբանություններ